Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեեւ հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հունիսի 21-ին կայացած հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահն ընդունել էր ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարին՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:
Վարուդակիսը համագործակցությունը համարել է փոխշահավետ` նշելով, որ այն սկսվել է դեռեւս այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ ակտիվ ու արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել, մասնավորապես՝ մարզերում առողջապահության զարգացման ծրագրի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա:
Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի հակաճգնաժամային ծրագրերին: Արիստոմենե Վարուդակիսը արձանագրել է, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեեւ հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:



























