Պրահայի դատարանում հունիսի 21-ին սկսել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի եւ նրա 5 հանցակիցների դատաքննությունը:  Նրանք բոլորը կասկածվում են Չեխիայի Հանրապետության տարածքում կազմակերպված հանցավոր խմբին  մասնակցելու մեջ:

Ենթադրվում է, որ  2007 թվականին Սողոյանը պատվիրել է հայ գործարար Արմենի սպանությունը: Այս հանցագործության մեջ մեղադրվում է նաեւ Ռուսաստանի քաղաքացի Ջիլան Ալիեւը, որը հանդես  է գալիս որպես գլխավոր հանցակից: Ալիեւը եւ Սողոյանը ցանկացել էին պատժել հայ գործարարին, քանի որ նա իբր խախտել էր գողական աշխարհի օրենքը:

Բացի այդ, սպանությամբ Սողոյանը ցանկացել է վախեցնել Պրահայի հայկական համայնքին եւ իր ազդեցությունը տարածել  չեչենական համայնքում: Վարձու մարդասպանը, ով Ռուսաստանի քաղաքացի է եղել, սխալվել է 2 անգամ: Արդյունքում վիրավորվել է պատահական անցորդ, ով ունեցել է Հայաստանի քաղաքացիություն: Երկու շաբաթ անց, դարձյալ սխալմամբ, սպանվել է Չեխիայի քաղաքացի: Նա երկու երեխաների հայր է եղել:

Անցած տարվա մարտին Սողոյանը եւ նրա հանցակիցները ձերբակալվել են: Գործով քննությունն անց է կացվելու հունիսի 21-ից 25-ը Չեխիայի Գերագույն դատարանում: