Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ուժեղ պտտահողմ է գրանցվել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Զովաբեր համայնքի ղեկավար Սամվել Եսայանը:
«Պտտահողմը գյուղի ավելի քան 24 տների կտուրներ է վնասել, որից չորսի կտուրներն ամբողջովին պոկվել են: Արմատախիլ է եղել նաև չորս պտղատու ծառ, մեքենա է վնասվել, այսինքն՝ պոկված կտուրն է ընկել ու վնասել մեքենան»,-պատմեց համայնքի ղեկավարը:
Սամվել Եսայանի խոսքով, պտտահողմի հետևանքով նաև էլեկտրալարեր են վնասվել: Պտտահողմը գրանցվել է միայն մեկ թաղամասում՝ շուրջ 15 րոպե, բայց մեծ ուժգնությամբ։
«Հիմա գյուղում ամեն ինչ նորմալ է, բայց էդ պահին մարդիկ անակնկալի էին եկել, վախ կար մոտները, ոմանց թվում էր՝ հրդեհ է, ոնց որ բոց լիներ՝ օդում բռնկված, բնակիչները չէին հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասաց Սամվել Եսայանը:
Գյուղապետի խոսքով, վնասի նախնական չափը ճշտված է համապատասխան մասնագետների կողմից, ակտերը կազմվել են և ուղարկվել մարզպետարան՝ կառավարությանը ներկայացնելու համար։ Այն կազմում է շուրջ 2 մլն դրամ: Այժմ գյուղացիները սպասում են կառավարության աջակցությանը:





























