Հայաստանի կրթության եւ գիտության նախարության հետ բանակցություններ են վարվում, որպեսզի դպրոցները միանան կառավարման տեղեկատվակական համակարգին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ավելացնելով, որ համակարգը թույլ է տալիս օնլայն ռեժիմում տեղեկանալ աշակարտների վարքի, գնահատականների, բացակայությունների  մասին։ Կենտրոնի տնօրենը նշեց, որ ցանցային ծրագիրը փորձարկվում է Սյունիքի մարզի ութ դպրոցներում։ Բանացություններ են ընթանում նաեւ Տավուշի մարզի դպրոցներին միացնելու այս ծրագրին։ Չոբանյանի խոսքով՝ ծրագրով հնարավոր է անընդհատ թարմ տեղեկություններ ստանալ դպրոցների աշխատակազմի, աշակերտների թվի վերաբերյալ։ Այն պարբերաբար թարմացվելու է, ինչի շնորհիվ անճշտություններ չեն լինի։

Ըստ Չոբանյանի՝ համակարգը թույլ կտա խնայել պետական միջոցները, քանի որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվի համաձայն։

NEWS.am-Ինովացիայի կողմից նշենք, որ ծրագրին մասնակցելու դպրոցների պատրաստակամությունը կարելի է արդեն իսկ կասկածի տակ առնել, քանի որ համակարգը «փորձնական» վիճակով գործում է արդեն գրեթե 2 տարի, բայց դրան միացել են մեկ տասնյակի չհասնող դպրոցներ, այն էլ Սյունիքի մարզում։ Նշենք, որ այդ 8 դպրոցներն էլ միացել են համակարգին, որովհետեւ համապատասխան գրանտային ծրագիր է եղել։

Տարօրինակ է նաեւ, որ Երեւանի ոչ մի դպրոց դեռ պատրաստակամություն չի հայտնել միանալու ծրագրին, քանի որ ինտերնետի տարածվածությունը մայրաքաղաքում տասնյակ անգամ ավելին է, քան մարզերում։ Այսինքն՝ մայրաքաղաքի դպրոցները պետք է «միմյանց չզիջելով» ֆինանսներ հայթհայթեին ու ներդնեին առաջարկված ծրագիրը, բայց նրանց անտարբերությունը միայն լավատեսներին կարող է հույսեր ներշնչել։

Տարածված կարծիք կա, թե հնարավոր է, որ դպրոցների ղեկավարությունը աշակերտների իրական թվին չհամապատասխանող ցուցակներ է ներկայացնում, որպեսզի պետական ֆինանսավորումը ավելի լինի, քան անհրաժեշտ է, իսկ, թե հավելյալ գումարները ուր կարող են գնալ, դա արդեն դժվար չէ կռահել։

Ինչեւէ, «Նորք» կենտրոնի տնօրենը նշեց, որ բանակցությունները ԿԳՆ հետ շարունակվում են, եւ հնարավոր է առաջիկայում փոփոխություններ լինեն։