Ադրբեջանը վերջին մեկ օրում 284 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը: Ընդ որում, ադրբեջանական ստորաբաժանումները առաջնային գծի ողջ երկարությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրազեն եւ դիպուկահար հրացաններ:
«Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել»,- նշել են ՊԲ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ: Մարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս 4-ը՝ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանված:
ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ֆիզուլու շրջանի Աշաղի Աբդուռահմանլի գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը գրոհի են անցել, սակայն ետ են նահանջել՝ կորուստներ կրելով:




























