«Մենք նման բաները լուրջ չենք ընդունում»,- հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը Երուսաղեմ) Շեմի Ցուրը՝ մեկնաբանելով «Իսրայել+» հեռուստաալիքի «Օտկրիտայա ստուդիա» հաղորդաշարում հնչած տեսակետները, թե իբր հուլիսի 15-ին վթարի ենթարկված իրանական Տու-154 ինքնաթիռը «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության համար զենք էր տեղափոխում եւ ինքնաթիռի վթարի պատճառն էլ հենց այդ զենքն է եղել`(իբր պայթուցիկ ռումբերը ինքնաբռնկվել են): Հիշեցնենք, որ այս տեղեկատվության սկզբնաղբյուրը իտալական «Կորյերե դե լա սեռա» թերթն է:
Ինչպես հայտնում է Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, իսրայելաբնակ Նուբար Ասլանյանը, այդ օրվա «Օտկրիտայա ստուդիա» հաղորդման հյուրերը եղել են Բաքվից Իսրայել տեղափոխված գործիչներ Դավիթ Կոնը եւ Ալեքս Վեքսլերը, որոնք հերյուրանքներ են տարածել Հայաստանի հասցեին եւ փորձել են ներկայացնել, թե Հայաստանը Իսրայելի թշնամին եւ Իրանի բարեկամն է, ուստի պետք է զինել նրա թշնամիներին:
Հենց դրանից հետո է, որ Նուբար Ասլանյանը դիմել է Իսրայելի դեսպանին ու ստացել պատասխան, որ Իսրայելը լուրջ չի վերաբերում նման տեղեկություններին:




























