ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժանմունքի քննիչ Հայկ Դելեյանի որոշմամբ կարճվել է «Հայէկոնոմբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի (գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր) եւ «Նարեկ» ԲԲԸ-ի տնօրեն Արտաշես Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում էին «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ: Քննիչի որոշմամբ, քր. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Նրանք մեղադրվում էին նաեւ սպանության սպառնալիքի, ինչպես նաեւ զենք, զինամթերք ապօրինի պահելու մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ իրավապահները ներխուժել էին Սուքիասյաններին պատկանող «Սիլ» ընկերության գրասենյակ եւ ձերբակալել Սարիբեկ Սուքիասյանին եւ Արտաշես Ստեփանյանին:
Սարիբեկ Սուքիասյանը ձեռք էր բերել «Բյուրեղ» ընկերությանը պատկանող չգործող գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը, որից հետո զգալի ներդրումներ կատարելու արդյունքում գործարանն սկսել էր աշխատել եւ արտադրել «Սիլ» հանքային ջուրը: Որոշ ժամանակ անց, «Բյուրեղ» գործարանի աննշան մասի բաժնետերերից մեկը դիմում է դատարան եւ մի քանի անօրինական դատական գործարքների արդյունքում «Բյուրեղը» վերադարձվում է իր նախկին տերերին` Գոռ Դավթյանին եւ Ռոբերտ Հարությունյանին:
Վերջիններս նորից Սարիբեկ Սուքիասյանի հետ նախնական համաձայնագիր են ստորագրում, որ իրենց բաժնետոմսերը պետք է վաճառել Ս. Սուքիասյանին, սակայն ավելի ուշ «Բյուրեղի» կրկին մի փոքր մասի բաժնետերը հայտարարում է, որ ինքը մտադիր է գնել ընկերության բաժնետոմսերը: Դրանից որոշ ժամանակ անց բաժնետոմսերի սեփականատեր է դառնում ոչ անհայտ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով նաեւ Սուքիասյանների ձեռքից խլված «Բջնի» գործարանի սեփականատերն է:
Սարիբեր Սուքիասյանի դեմ քր. գործ հարուցելուց մի քանի օր անց Ռուբեն Հայրապետյանը դարձավ նաեւ «Բյուրեղ» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը, որոնք պատկանում էին Գոռ Դավթյանին:




























