Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը առաջիկայում Թուրքիայի Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձը իրավատիրոջը՝ Հայ եկեղեցուն եւ հայ ժողովրդին:

Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգին բռնաբարված իրավունքների նկատմամբ. անտարբերությունը ազգային դավաճանություն է։ Հետեւաբար, կոչված ենք 100-ամյակը բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ նշելու ու այն արժեւորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք են թողնում ու նոր հունավորում են տալիս Հայ Դատի հետապնդման աշխատանքներին»,-ասել է նա:

Արամ Ա-ն համոզմունք է հայտնել, որ ժամանակն է՝ Հայ Դատի աշխատանքները Հայոց ցեղասպանության ճանաչումից փոխադրվի իրավական դաշտ»։