Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է առել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, նրա կին Սանդրա Ռուլովսի, ինչպես նաեւ մոր եւ տատի ունեցվածքը, լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Օթար Կախիձեն:

«Կալանքի տակ առնված գույքի մեջ մտել է անգամ Սահակաշվիլիի տատի հնամաշ ավտոմեքենան եւ հողամասը», - ասել է փաստաբանը:

Ըստ նրա՝ պաշտպանությունը մտադիր է դիմել Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան:

«Դատախազության  որոշման մեջ ոչ մի հիմնավորում չկա ունեցվածքը կալանքի տակ առնելու վերաբերյալ»,- հայտնել է Կախիձեն լրագրողներին, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:

Ներկայումս Սահակաշվիլիի նկատմամբ, որը Վրաստանը լքել էր անցյալ տարվա աշնանը՝ նոր նախագահի երդմնակալությունից հետո,  հայրենիքում միջազգային հետախուզում է հայտարարվել: Վրաստանի գլխավոր դատախազությունը մի քանի ամիս առաջ սկսել էր Սահակաշվիլիի քրեական հետապնդումը՝ ծառայողական դիրքը չարաշահելու եւ պետական միջոցները յուրացնելու մեղադրանքներով: