Մոսկվայի Կոնյուշկովսկու փողոցում գտնվող ռեստորանում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են երկու «օրենքով գողի», հաղորդվում է Մոսկվայի ՆԳՆ-ի կայքում:

Առաջինը Իլյա Գոգլոյեւն է՝ Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի մականվամբ, երկրորդը Սերգեյ Ասատրյանն է՝ Բենթլի կամ Սերյոժա Ասետրինա մականվամբ: Ոստիկանները ձերբակալել են եւս մի քանի մարդու՝  նրանց շրջապատից: 

Խուզարկության ժամանակ Գոգլոյեւի մոտից բռնագրավվել է շուրջ 7 գ հերոին: Գործ է հարուցվել ՔՕ-ի 228-րդ հոդվածի հատկանիշներով (թմրանյութերի ձեռքբերում, ապօրինի պահպանում):

Հանդիպման մյուս մասնակիցների նկատմամբ ստուգում է իրականացվում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հագնվելու ոճի եւ արտասահմանյան մակնիշի շքեղ մեքենաների նկատմամբ ունեցած սիրո համար 27 տարեկան «օրենքով գողն» ամենագլամուր մաֆիոզներից է քրեական շրջանակներում, այդ պատճառով էլ ստացել է Բենթլի մականունը: Նրա հայրը բազմիցս դատված Էդուարդ Ասատրյանն է՝  Էդիկ Ասետրինա  մականվամբ: Ասատրյանները Դեդ Հասանի կլանից էին:

2010 թ. Սերգեյ Ասատրյանին արդեն ձերբակալել էին, այն ժամանակ  առգրավել էին զենք եւ թմրանյութ: