Կակաոյի հատիկների ֆյուչերսների գները վերջին 3.5 տարվա առավելագույնին են հասել ՝ Աֆրիկայում Էբոլա տենդի տարածման պատճառով հումքի մատակարարման կրճատումների մտավախության պայմաններում, հայտնում է Bloomberg-ը:
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին: Համաճարակը տարածված է արեւմտաաֆրիկյան հինգ երկրներում, որոնցից Լիբերիան եւ Գվինեան սահմանակից են աշխարհում կակաոյի սերմերի ամենախոշոր արտադրող Կոտ դ՛Իվուարին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերին կակաոյի հատիկների առաքմամբ ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Liffe բորսայում աճել է 0,3%-ով՝ մինչեւ 3396 դոլար մեկ տոննայի դիմաց: Շաբաթվա սկզբից պայմանագիրը թանկացել է 3,8%-ով: ICE Futures U.S. բորսայում ֆյուչերսները թանկացել են 0,3%-ով՝ մինչեւ 3201 դոլար մեկ տոննայի դիմաց: Ընդ որում, ռոբուստա սուրճի դեկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնում նվազել են 0,6%-ի ՝ մինչեւ 1949 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ շաքարի հումքի գինն ընկել է 0,4%՝ մինչեւ 15,85 ցենտ մեկ ֆունտի դիմաց:





























