«Ռոսնեֆտ»-ը Հայաստանի էներգետիկայի նախարարությանը «Նաիրիտ» քիմիական գործարանի հարցով գրեթե մեկ ամիս է  պատասխան չի տալիս, սեպտեմբերի 19-ին հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ գործարանի վիճակին նվիրված խորհրդակցության ընթացքում:

Ըստ նախարարի՝ «Ռոսնեֆտ»-ի հետ վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին. մինչեւ ամսվա վերջ  ռուսական ձեռնարկությունը պետք է կողմնորոշվեր գործարանում ներդրումներ կատարելու հարցում: «Դրանից հետո մենք նրանցից լուր չենք ստացել», – հայտարարել է նախարարը:

Նման անորոշության պայմաններում համար մեկ խնդիրը շարունակում է մնալ նոր ներդրողների որոնումը, հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն՝ Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանն ու քլորոպրենային կաուչուկի արտադրողը, 2010թ. ապրիլից դադարեցրել էր գործունեությունը: 2013թ. հայտարարվել  էր ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնի կողմից գործարանում ներդրումներ իրականացնելու ծրագրերի մասին: