ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հունիսի 21-ին տարածել է «ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը ինտենսիվացնելու անհրաժեշտությունը» անվանումով մի հռչակագիր:
«ԼՂ խնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի չկատարումը եւ դրանց կիրառման նկատմամբ վերահսկողության բացակայությունը բերում է քննադատության ԵԽ-ի հասցեին: Չնայած դրան, պետք է ողջունել ԵԽԽՎ-ի նոր ղեկավարության ջանքերը ենթահանձնաժողովների աշխատանքների ակտիվացման հարցով, որպեսզի վերահսկի բանաձեւերի կատարումը»,- ասված այդ հռչակագրում: Հաղորդում է «Թրենդը»:
Հռչակագրում նշվում է, որ «ԼՂ խնդրի լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխարինում այդ ենթահանձնաժողովին»:
«Իհարկե, երկու կառույցներն էլ ունեն միանման նպատակներ, սակայն նրանց գործունեությունը տարբերվում է եւ յուրաքանչյուրը ձգտում է իր ներդումն ունենալ խնդրի կարգավորման հարցում»,- ասված է հռչակագրում:
Հռչակագիրը ստորագրել են 20 երկրների 400 պատվիրակներ:
Նշենք, որ հունիսի 21-ին Ստարսբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ 34 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, կոչ անելով կրկին ակտիվացնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, որը ստեղծվել է 2005 թվականին ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձեւի հիման վրա: Սպասվում է, որ այս հարցը կդրվի քվեարկության ԵԽԽՎ Բյուրոյի նիստում, որից հետո պարզ կդառնա, կսկսի՞ արդյոք այդ ենթահանձնաժողովն իր աշխատանքը, թե` ոչ:
Այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը կողմ է արտահայտվել ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Մեվլութ Չավուշօղլուն:




























