Երեւանի Նոր Արեշ թաղամասում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Արսեն Մկոյանի սպանությունը վրեժխնդրության արդյունք է: NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացողը եւ նրա սպանության մեջ մեղադրվող 38-ամյա Համլետ Քոսյանը ընկերներ են եղել: Մի քանի տարի առաջ նրանց միջեւ միջադեպ է եղել, «գողական ռազբորկա», իրար վիրավորել են, մի կաթիլ մեղրի պատմությունը, մասնավորապես հնչել են այսպիսի խոսքեր՝ «ինչու ես արա-ով դիմում, էդ ինչ ձեւ ես քեզ պահում, ես քո պահածն եմ եւ այլն»: Արսեն Մկոյանը Համլետ Քոսյանին այսպես ասած «թասիբի է գցել»: Այդ միջադեպից տարիներ է անցել, Համլետ Քոսյանը սպասել է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Արսենի վերադարձին, որպեսզի նրանից վրեժ լուծի: Մեր տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվող Համլետ Քոսյանը ամուսնացած է, ունի որդի:
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ եւ 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ:
Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է:
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի եւ Էրեբունու քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 38-ամյա Համլետ Քոսյանը՝ իր անվամբ հաշվառված «Սայգա 410» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Քոսյանին եւ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





























