Հունիսի 19-ին Ազգային ժողովի կողմից համաներման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո ազատության մեջ են հայտնվել 23 քաղբանտարկյալներ, այդ թվում գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ այլոք: Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ նախնական տվյալներով 18-ից 20 քաղբանտարկյալներ կշարունակեն մնալ անազատության մեջ, նրանց վրա համաներման ակտը չի տարածվի: Ի դեպ, նախքան համաներումն անազատության մեջ էին գտնվում 51 քաղբանտարկյալներ: Վերջին կալանավորվածը իրավապաշտպան Արշալույս Հակոբյանն է: Թեեւ նրան առաջադրված 316 հոդվածի 1-ին մասի վրա համաներումը տարածվում, է բայց նրան կալանավորել են հունիսի 5-ին, իսկ համաներումը տարածվում է մինչեւ հունիսի 1-ը կատարված հանցագործությունների վրա: