Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի պաշտպանների բողոքը՝ վերացնել Քիրամիջյանի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Քիրամիջյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը։
Նշենք, որ դատարանը հունիսի 3-ին բավարարել էր Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Ինչպես նշեց փաստաբանը՝ Քիրամիջյանը սուր գլխացավեր ունի։ ՀԱԿ ակտիվիստի ծնոտը ոստիկանություն բերման ենթարկելիս խախտվել էր, ինչն էլ գլխացավերի պատճառ է հանդիսացել։ Բացի այդ, Քիրամիջյանը ոտքի զարկերակի ու մկանի վիրահատությունից հետո առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ Դավիթ Քիրամիջյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էր ենթարկվել մայիսի 31-ին` Ազատության հրապարակի մատույցներից, երբ մի խումբ ակտիվիստներ եւ լրագրողներ հարձակման են ենթարկվել մի քանի տասնյակ ոստիկանների եւ քաղաքացիական հագուստներով անհայտ անձանց կողմից։ ՀԱԿ ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն: ՀԱԿ ակտիվիստն այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։


























