«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Շուշիում հիմնանորոգման ենթակա 7 բնակելի շենքերի տանիքներից արդեն պատրաստ են երեք շենքերի` Ամիրյան փողոցի թիվ 9, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21, Ազատամարտիկների փողոցի թիվ 8 շենքերի տանիքները: NEWS.am-ը Հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ամբողջովին փոխվել է տանիքների ծածկույթը, վերանորոգվել են բոլոր օդափոխության եւ ծխատար հորերը, տեղադրվել են նոր ջրհորդաններ եւ ջրահեռացման խողովակներ: Տանիքների ծածկույթն իրականացվել է մետաղական կղմինդրով: Մեկնարկել են նաեւ Ղազանչեցոց փողոցի թիվ 57 եւ Ամիրյան փողոցի թիվ 7 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:
Ավարտվել են Ղազանչեցոց փողոցի ճանապարհի հողային, հին էլեկտրալարերի ապամոնտաժման եւ նորի տեղադրման աշխատանքները, անցկացվել է ջրագիծ: Ընթացքում է փողոցի դեկորատիվ պատերի կառուցումը: Սկսվել են Հախումյան փողոցի բարեկարգման աշխատանքները, կառուցվում է կոյուղու նոր համակարգ: Մեկնարկել են նաեւ խմելու ջրի ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի եւ կենցաղային կոյուղու համակարգերի կառուցման աշխատանքները:
Վերոհիշյալ ծրագրերն իրականացվում են Մոսկվայում 2009-ին կայացած դրամահավաք ճաշկերույթի գումարներից:
Ընթացքում է Շուշիի կենտրոնական գրադարանի նորոգման ծրագիրը, որը հովանավորում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Ավարտված ծրագրերից է նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարությանը շտապօգնության երեք մեքենաների տրամադրումը, որոնցից մեկը հատկացվել է Շուշիի քաղաքային հիվանդանոցին: Այս ծրագիրը հովանավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը:
«Ավելի քան 50 000 հայ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից համախմբվեցին «Մեր Շուշին» կարգախոսի եւ քաղաքի վերականգնմանն ուղղված շնորհակալ նախաձեռնության շուրջ», - ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արդեն պատրաստ են մշակույթի տան եւ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման նախագծային աշխատանքները եւ գտնվում են փորձաքննության փուլում: Նախագծային փուլում է մանկատան կառուցումը: Հայտարարվել են մրցույթներ Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի բուժկետի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
Նշենք, որ Ստեփանակերտից 10 կմ հարավ ընկած, մոտ 600 քառակուսի կմ տարածք զբաղեցնող Շուշիի վարչական տարածքում, որը ներառում է Շուշի քաղաքն ու յոթ գյուղական համայնքները, ապրում է շուրջ 5126 մարդ, որից 3867-ը` Շուշիում: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ: Բնակիչների մի որոշ մասն էլ պարբերաբար ընդգրկվում է քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներում:


























