Հունիսի 18-ի ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորված հայ զինվորներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես հաղորդում է «Հրապարակ» թերթը, բժիշկները Կապանի 19-ամյա բնակիչ Անդրանիկ Արզումանյանի վիճակը գնահատում են ծայրահեղ վատ: Նա այժմ գտնվում է կոմայի մեջ:
Արզումանյանը միջաթափանց հրազենային վնասվածք է ստացել: Գնդակը դիպել է ուղեղին, նա արդեն երկու վիրահատություն է տարել, սակայն, բժիշկների խոսքով, ապրելու շանսերը չափազանց փոքր են:
Մյուս վիրավորների վիճակը համեմատաբար ավելի լավ է: Նրանցից մեկը՝ Գարիկ Մաթեւոսյանը, վիրավորված է ազդրից, եւս երկուսը վնասվածքներ են ստացել թիկունքից եւ ոտքից:
Նշենք, որ հունիսի 19-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը ռազմական դիվերսիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հյուսիսային դիրքերի ուղղությամբ: Մարտի ընթացքում զոհվել են 4 զինծառայողներ, նույնքան էլ վիրավորվել: Դիվերսիոն խումբը լքել է մարտի դաշտը՝ թողնելով մեկ սպանված:




























