Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի եւ Էստոնիայից ժամանած կրթական ոլորտի մի խումբ փորձագետների հանդիպման ժամանակ ներառական կրթության հարցեր են քննարկվել:

Ութ մասնագետներից բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են Էստոնիայի կրթության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ եւ նեղ մասնագետներ, գլխավորում է Էստոնիայի «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի տնօրեն Մարգուս Օրոն։ 

Ողջունելով հյուրերին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ այցը եւ նախատեսված թրեյնինգը մեծապես օգտակար կլինեն Երեւանի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման զարգացման գործում։

«Մեր մտահոգությունները նույնական են։  Երեւանի քաղաքապետարանը, ի դեմս հանրակրթության վարչության, ջատագովն է ներառական կրթության ներդրման ու զարգացման, ինչը մեծ նշանակություն ունի մեզ համար. հետեւաբար հետաքրքրված ենք ձեր փորձառությամբ եւ այն առաջարկություններով, որոնք այս օրերին քննարկումների արդյունքում կձեւավորվեն։ Վերջին շրջանում մեծ աճ ենք արձանագրել  մշակութային ու մարզական միջոցառումներում ներառական կրթության շահառու երեխաների մասնակցության առումով, ինչը նրանց համար նախեւառաջ հոգեբանական մեծ ներազդեցություն ունի, եւ դա քաղաքապետարանի ծրագրային նախաձեռնություններից է»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում եւ մանկապարտեզներում ներառական կրթության ներկայիս վիճակը՝ նշելով, որ 44 դպրոցներ եւ 6 մանկապարտեզներ են հարմարեցված ներառական կրթության առաջնային պայմաններին. ներգրավվել են սոցիալական մանկավարժներ, այդ դպրոցներն ապահովված են թեքահարթակներով, նշված դպրոցներում ներառական կրթության շահառու 1600 երեխա է սովորում։

Մասնագիտական խմբի ղեկավար Մարգուս Օրոն նշել է, որ իրենց փորձը ներառում է Էստոնիայի հարեւան եվրոպական երկրների ձեռքբերումները այս բնագավառում եւ ադապտացվել է հետխորհրդային կրթական միասնական համակարգը եւս հաշվի առնելով։

«Մենք հաղորդելու ենք մեր փորձը՝ ինչպես երեխայի շուրջ ստեղծել այն համակարգը, շղթան, որը կաջակցի յուրաքանչյուր երեխայի անհատապես, այդպիսով կնպաստի ներառական կրթության ներդրման բարելավմանն առհասարակ»,- նշել է Մարգուս Օրոն։

Ներառական կրթության ոլորտում էստոնական փորձով հետաքրքված են նաեւ Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան։ Երեւանում երկօրյա սեմինարին մասնակցելու են հայաստանցի 30 մասնագետներ: