Ժորժ Կոլոմբիեն դադարեցնում է իր աշխատանքը որպես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող` ժամկետը լրանալու կապակցությամբ: Այդ մասին ֆրանսիացի խորհրդարանականը հայտնել է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի այսօր` հունիսի 22-ի կայացած նիստում:

ԵԽԽՎ մոնիտորինգի նիստի ժամանակ, որին մասնակցել են նաեւ Հայաստանի հարցով մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվել է 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքների վերացման ուղղությամբ «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների իրականացման ճանապարհային քարտեզը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: