Ամերիկացի Ուիլյամ Լոպեսը, ով 23 տարի բանտում էր անցկացրել չգործած հանցանքի համար, մահացել է դատից մի քանի օր առաջ, գրում է The New York Post-ը: Մահվան պատճառը ասթմայի սուր նոպան է եղել:
Լոպեսն ազատվել էր 2013թ. հունվարին: Նա Նյու Յորքից 124 մլն դոլարի փոխհատուցում էր պահանջել հակաիրավական բանտարկության համար: Այս գործով դատը նշանակված էր երեքշաբթի, սակայն անցած շաբաթ օրը Լոպեսը մահացել է:
Նրա ընկեր Ջեֆրի Դեսկովիչը պատմել է, որ Լոպեսը նախատեսում էր ուղեւորություններ ԱՄՆ-ի տարածքում եւ արտերկիր: «Նա ցանկանում էր քոլեջ եւ իրավաբանական դպրոց գնալ», – հավելել է Դեսկովիչը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հրատարակչությունը նաեւ նշում է, որ ազատության 20 ամիսները Լոպեսն անցկացրել էր կնոջ՝ Էլիսի հետ: Նախկին բանտարկյալը նաեւ «վերստին բացահայտել էր պարզ ուրախությունները», այդ թվում՝ կիրակի օրերը ընկերների հետ ֆուտբոլ դիտելը, ասված է հոդվածում:
Լոպեսը նաեւ փորձել էր հարաբերությունները կարգավորել դստեր՝ Կրիստալի հետ, որը ընդամենը 14 ամսական էր եղել, երբ իրեն բանտարկել էին:




























