Ադրբեջանը ԼՂՀ տարածք  դիվերսիոն խումբ մտցնելով ուժգին ապտակ հասցրեց Ռուսաստանին: Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

«Բանակցությունների սեղանից դեռ վեր չկացած, Ալիեւն այդպիսի սադրանք իրականացրեց եւ դրանով արհամարեց ոչ միայն հայկական կողմին, այլեւ Ռուսաստանի նախագահին»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը Ադրբեջանին համարժեք պատասխան է տալու:

«Ինչ սադրանք էլ գործադրի Ադրբեջանը, մենք գնալու ենք մեր ճանապարհով՝ յուրաքանչյուր դեպքում տալով արժանի պատասխան: Շատ մոտ ապագայում նրանք կստանան այս դեպքի պատասխանը, եթե չտանք պատասխան, նրանք կարող են ավելի լկտիանալ: Պատասխանը լինելու այն, որ մերոնք ավելի ուժեղ հակահարված ենք հասցնելու եւ ավելի շատ մարդ է զոհվելու Ադրբեջանի, քան թե մեր կողմից»,-ասաց նա:

Հանդիպմանը ներկա Տիգրան Կարապետյանն էլ նշեց, որ արդեն միտումներ կան հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելու: Ռաֆիկ Պետրոսյանը եւս չբացառեց, որ հակամարտության գոտում, մեր համաձայնությամբ, հնարավոր է, որ ռուսական խաղաղապահ ուժեր մտնեն: