Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սեպտեմբերի  24-ին՝ ժամը 18:00-ին,  տեղի կունենա ոգեկոչման միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի զոհված  4000 հոգեւորականներին: Ավարտին կկատավի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ նահատակ հոգեւորականների: 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ սա «100 ամյակին ընդառաջ»  ծրագրի հինգերորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները  Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: 

Ծրագրի շրջանակներում ԱՀԹ երիտասարդները միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպում են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ եւ այլն:

Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը եւ ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

Օգոստոսի 24-ին երիտասարդները ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ միջոցառում իրականացրին Եռաբլուր զինվորական պանթեոնում. նախ ծաղիկներ դրեցին այստեղ հանգչող՝ ազատութւան համար մարտնչած նահատակների շիրիմներին:  Ապա ներկայացրին հայոց դատի ջատագովների գործունեությունը եւ երդվեցին լինել նրանց գործի շարունակողն ու հայոց հարցի պահանջատերը:

«100- ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի հաջորդ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի  24-ին: