«ՀՀ Սահմանադրությունը պարտադրում է, որ երեխան սովորի հայերենով: Սա պարտադրանք է, եւ եթե դու հրաժարվում ես դա կատարել, պետք է քրեական պատասխանատվության առաջ կանգնես»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման կառավարության նախաձեռնությանը, նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն ու հավելեց. «Կա Սահմանադրություն եւ պետական լեզու: Որեւէ օրենք, որեւէ կերպ իրավունք չունի շրջանցել Սահմանադրությունը: Դու չես որոշում, ցանկանո՞ւմ ես հայերենով սովորել, թե՞` ոչ: Պետությունն է պարտադրում»:

Նրա խոսքով, օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը գալիս է օլիգարիայից, որը օգտվում է այն հանգամանքից, որ մանդատներ ունի խորհրդարանում:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ սա դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից է պարտադրվում, Մանվել Սարգսյանն ասաց. «Դուրսն ի՞նչ կապ ունի: Դրսի մասին կարելի է ընդամենը ենթադրություններ անել: Օլիգարխիան իր որոշումները կայացնում է՝ ելնելով նրանից, թե ում հետ է շփվում: Շատերն են բարձրաձայնում, որ այս մարդիկ ուզում են կաստային համակարգ ստեղծել, որ այդ դպրոցներում միայն իրենց երեխաները սովորեն: Սա իշխանություն պահելու ձեւ է»:

Փորձագետի ներկայացմամբ, սրանով օլիգարխիան նաեւ տարանջատվում է ժողովրդից, եւ դա եւս կաստային մտածողության արդյունք է:

«Օլիգարխիայի համար պետությունն ու ժողովուրդն ինքն է, իրենից այն կողմ ոչ ոք չկա: Դեռ հին Հունաստանից հայտնի «Օլիգարխի երդում» գոյություն ունի, որտեղ նրանք խոստանում են մինչեւ կյանքի վերջ պայքարել ժողովրդի դեմ: Ժողովուրդը օլիգարխիայի հիմնական թշնամին է, որովհետեւ նա լավ գիտի, որ ինքը ժողովրդի իրավունքը խլել է եւ գիտի, թե ով կարող է վաղը ետ պահանջել այդ իրավունքը: Նրանք շատ լավ են դա հասկանում, դրա համար էլ ուզում են ամեն կերպ տարանջատվեն, պատեր դնեն ամեն տեղ՝ սկսած դպրոցից ու մանկապարտեզից»,- իր խոսքն ամփոփեց Մ. Սարգսյանը: