Կալանքի տակ են վերցրել Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին պետ Թեմուր Ջանաշիայի բանկային հաշիվները: Կալանքի տակ են բնակարանը, որը Ջանաշիայի ընտանիքը շահել էր «Թի Բի Սի բանկի» վիճակախաղում եւ հաշվեհամարը, որին փոխանցվում էր ԶՈՒ վետերանի թոշակը:
Հատուկ մամուլի ասուլիսում Ջանաշիայի փաստաբան Բեքա Բասիլիան հայտարարել է, որ կալանքի տակ է այն գույքը, որն իր պաշտպանյալը ձեռք էր բերել նախքան պաշտոնը ստանձնելը:
«Այս որոշումն անօրինական է, քանի որ Թեմուր Ջանաշիան մեղադրվում է պետական պաշտպանության միջոցները վատնելու մեջ, ոչ թե յուրացնելու»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում «Գռուզիա օնլայնը»:
Թեյմուրազ Ջանաշիան անցնում է ավելի քան 5 մլն դոլարի վատնման գործով: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է սահմանել 20 հազար լարի (ավելի քան 11 հազ. դոլար) գրավը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տվյալ քրգործի շրջանակում կալանք է սահմանվել Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա ընտանիքի անդամների գույքի, ինչպես նաեւ նախկին նախագահի վրացական բանկային հաշիվների վրա:




























