Հրազդանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ավետիսյանը, որի մոտ Հայաստանում ախտորոշված հազվադեպ անբուժելի հիվանդության՝ Գուդփասչերի սինդրոմի առկայությունը երկու ամիս առաջ Մոսկվայում հերքվել էր, բուժման նոր կուրս պետք է սկսի Հայաստանում. նրան պատրաստում են արյան փոխներարկման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանի հարը` Նորիկ Ավետիսյանը:
Տիգրանի մոտ Մոսկվայում ախտորոշվել է այլ հիվանդություն`կապված արյան անոթների հետ։ Նա պետք է արյան փոխներարկման կուրսեր անցնի, քանի որ նրա օրգանիզմը չի ընդունում «Մաբտերա» դեղամիջոցը:
««Մաբտերա» դեղամիջոցը Տիգրանի օրգանիզմը չընդունեց, ալերգիա տվեց, ու հիմա ստիպված ենք արյան փոխներարկում սկսել: Բժիշկն ասել ա, որ գոնե 2 կուրս պիտի ընդունի, ապա 6 ամիս մնա մշտական հսկողության տակ: Ճիշտ ա՝ տղաս հիմա իրեն շատ լավ ա զգում, փառք Աստծո, միայն հազն ա, բայց փոխպատվաստումն էնքան թանկ արժե, չգիտեմ՝ ոնց պիտի անեմ»,- մտահոգություն հայտնեց անչափահասի հայրը:
Տիգրանի հոր խոսքով` արյան փոխներարկման մեկ կուրսի արժեքն ավելի քան 1100 դոլար է: Նրանք բուժման առաջին կուրսի համար կարողացել են գումար հավաքել, բայց երկրորդ կուրսի համար գումար չունեն:
Նորիկ Ավետիսյանը փաստաթղթերն է հավաքում, որպեսզի Տիգրանը սկսի բուժումը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի մոտ Հայաստանում հայտնաբերվել էր բացառիկ հիվանդություն՝ Գուդփասչերի սինդրոմով: Դա իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող հիվանդություն է, այն ախտահարում է երիկամներն ու թոքերը, քայքայում է ներքին օրգանները: Հայ բժիկների հորդորով հարազատները նրան տեղափոխել էին Մոսկվա, որպեսզի գոնե 10-15 տարով երկարացնեն Տիգրանի կյանքը, որտեղ, սակայն, հերքվել էր Հայաստանում արված ախտորոշումը, եւ Տիգրանը վերադարձել էր Հայաստան։
Տիգրանի բուժման ծախսերը հոգալու համար կազմակերպվել է հանգանակություն՝ հետեւյալ հաշվեհամարներով։
ՀՀ դրամ-16025073043101
ԱՄՆ դոլար-16025073043102
Եվրո-16025073043103
ՌԴ ռուբլի-16025073043104
Հաշվեհամարները բացված են ՎՏԲ Հայաստան բանկում, հաշվետեր՝ Ոսկանյան Սյուզաննա Լևոնի:




























