«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտերկրում հավատարմագրված հյուպատոսական ծառայողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ իրենց գործունեության մի զգալի մասը նվիրված է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ ընդունելուն: նման բան վերջին շրջանում տարածված է հատկապես Ռուսաստանում, որտեղ էականորեն հեշտացված է քաղաքացիություն ստանալու կարգը: Այս երեւույթը նկատելի է հենց Հայաստանում, որտեղ հազարավոր, եթե ոչ ավելի, մարդիկ են ապրում Ռուսաստանի Դաշնության անձնագրերով: Այդ մարդիկ ազգությամբ հայ են, ծնվել եւ մեծացել են այստեղ, հաճախ ապրում են այստեղ, բայց Ռուսաստանի քաղաքացի են: Ի՞նչն է նրանց մղում գնալ նման քայլի. Թոշակառուները սա անում են անհամեմատ ավելի բարձր թոշակ ստանալու համար: Զինված ուժերի, ոստիկանության, հատուկ ծառայությունների վետերանները` ավելի լայն արտոնություններից օգտվելու համար: Մյուսները, ովքեր խոպան են գնում կամ բիզնես ունեն Ռուսաստանում, ավելի հանգիստ պայմաններում իրենց գործունեությունը ծավալելու համար:
Իսկ ինչո՞ւ է այս ամենը թույլ տալիս Ռուսաստանը, ի՞նչ է, այդ երկիրը ստեղծագործական հաճո՞ւյք է ստանում տասնյակ հազարավոր օտարերկրացիների թոշակ կամ արտոնություններ տալով կամ էլ աջուձախ անձնագրեր բաժանելով: Ոչ, իհարկե: Մանավանդ այսօրվա Ռուսաստանի համար դա կոնկրետ քաղաքական լծակ է, որովհետեւի եթե մի երկրում տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր քաղաքացիներ ունես ապրող, կարող ես ցանկացած կերպ միջամտել նրա գործերին` պատճառաբանելով, որ դա անում ես քո քաղաքացիներին պաշտպանելու նպատակով: Էլ չենք ասում, որ նման իրավիճակում հայտնված երկրների քաղաքացիները հաճախ աստիճանաբար զրկվում են քաղաքացիական կամքից, որովհետեւ ճիշտ է, նրանք տանը հայկական անձնագիր էլ ունեն, բայց իրենց զգում են ավելի շատ օտար երկրի քաղաքացի, որովհետեւ այդ օտար երկիրն ավելի շատ բան է տալիս իրենց թե նյութական եւ թե ոչ նյութական առումով։ Իրադարձությունները ցույց են տալիս սակայն, որ Ռուսաստանը մտադիր է հստակ ընտրություն դնել երկու անձնագիր ունեցող հայաստանցիների առաջ՝ հրաժարվել կամ հայկական, կամ ռուսական անձնագրից։ Իսկ թե որն են ընտրելու ՌԴ անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները, կարծում ենք պարզից էլ պարզ է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























