ՀՀ վարչապետի խորհրդական Վաչե Գաբրիելյանի եւ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեքենաները, իսկապես, բախվել են իրար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաչե Գաբրիելյանը:
Նա նշեց, որ իր մեքենայի վրա ինչ-որ քերծվածք է եղել, որեւէ լուրջ բան չկա: Իսկ թե ով էր մեղավոր վթարի մեջ, վարչապետի խորհրդականն ասաց, որ դա էական պատահար չէ, ինքն էլ ոչ պետավտոտեսուչ է, ոչ էլ անձամբ է մեքենան վարել:
Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, թե լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ անկախության օրվա առթիվ մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի ընդունելությունից հետո իրար են բախվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ վարչապետի խորհրդական Վաչե Գաբրիելյանի ավտոմեքենաները: Ընդ որում, այդ ժամանակ եւ՛ Աշոտյանը, եւ՛ Գաբրիելյանը եղել են մեքենայում:
«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, բախումն ուժգին չի եղել, եւ մեքենաները մի թեթեւ վնասվել են»։





























