Արարատում մի երիտասարդի սպանության եւ մյուսին վիրավորելու մեջ կասկածվող Ալեքսանը դեո չի հայտնաբերվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը եղել է աղջկա պատճառով: Ըստ Արարատում տարածված տեղեկությունների՝ Ալեքսանը եւ մահացող երիտասարդը՝ Խաչիկը, նույն աղջկան են սիրել: Խաչիկն ու իր ընկերը՝ հիվանդանոցում վիրավոր պառկած Տիգրանը, գնացել են Ալեքսանի տուն, բայց նա տանը չի եղել, տհաճ խոսակցություն է տեղի ունեցել: Երբ երկու ընկերները արդեն նրանց տնից հեռանում էին, տեսել են Ալեքսանին տուն վերադառնալիս ու սկսվել է վիճաբանությունը:Վիճաբանության հանգամանքնеերի մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, մի մասն ասում է, որ Ալեքսանին բավականին ծեծել են, ամբողջ մարմինը կապտուկներ են, մյուս մասը պնդում է, որ մոտ մեկ տասնյակից էլ ավել մարդ կար կռվի ժամանակ:
NEWS.am-ին Ալեքսանի հարեւանները պատմել են, որ նա շատ պարկեշտ ընտանիքի զավակ է, հայրը տաքսի է վարում, մայրը տնային տնտեսուհի է, քույրն էլ ամուսնացած է: Այժմ Ալեքսանի շենքը հսկում են մեծաթիվ ոստիկաններ, ուժեղացված հսկողություն է իրականացվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանում կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1990 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը եւ որովայնի շրջանում վնասվածքներով` 1990 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Գրիգորյանը եւ Տիգրան Ա.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 21 շենքի հարակից տարածքում՝ ոմն Ալեքսանի հետ վիճաբանության ժամանակ:
Խաչիկ Գրիգորյանը նույն օրը, ժամը 21.00-ին, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ, մահացել է: Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով) եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):





























