Վայքի 17-ամյա բնակիչը տառապում էր պարբերական հիվանդությամբ եւ ընտանիքի անդամների՝ իրեն նախատելու պատճառով 50 հատ կոլխիցին դեղամիջոց էր օգտագործել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դեպքից օրեր առաջ Վայքի բնակչուհին ուշ էր տուն եկել, հայրը եւ եղբայրը հանդիմանել էին նրան, աղջիկն էլ սրտնեղել էր եւ որոշել կյանքի վերջ տալ՝ միանգամից խմելով պարբերական հիվանդության դեմ օգտագործող կոլխիցին դեղամիջոցից 50 հատ: Դրանից անմիջապես հետո երեխայի մոտ սկսել էր թուլություն, լուծ, գլխացավ, անմիջապես տեղափոխել էին Վայքի հիվանդանոց, որտեղ նրան ստամոքսի լվացում էին կատարել: Ցանկացել էին հոսպիտալացնել աղջկան, բայց հրաժարվել էին: Ամենացավալին այն է, որ երեխան չէր ասել, որ մեծ քանակությամբ դեղամիջոց է օգտագործել, փոխարենը նշել էր, որ ձմերուկ է կերել եւ բժիշկներն էլ մտածել էին, թե թունավորվել է ձմերուկից: Վայքի 17-ամյա բնակչուհին չէր մնացել հիվանդանոցում, տարել էին տուն, բայց նրա վիճակը գնալով ավելի էր վատացել՝ լուծ, փսխող, օրգանիզմը ջրազրկվել էր: Միայն 3-րդ օրը ընտանիքը նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել է Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, անմիջապես ընդունել էին Վերակենդանացման բաժանմունք: Այստեղ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, սակայն ապարդյուն, մահանալուց 20-25 րոպե առաջ երեխան մորը պալատից հանել էր եւ բժշկին հայտնել, որ դեղ է խմել եւ խնդրել իրեն փրկել: Սակայն արդեն ուշ էր, աղջիկը մահացել էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս.թ. սեպտեմբերի 20-ին թունավորման նախանշաններով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Լ. Ն.-ն (ծնվ. 1997թ.): Սեպտեմբերի 22-ին նա մահացել է:





























