Հայաստանի Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու  պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սեւան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով  Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն  օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով  պատրաստակամություն է հայտնել   500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի եւ ձեւակերպումների,   տրամադրել ամուսնության  կեղծ վկայական, հավելելով, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն,  դրանով ստանալ  անձնագիր եւ հնարավորություն ունենալ   կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Կաշառք ստանալու դեպքով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: