Երբ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ամենուր սպանություններ էին իրագործում, ԱՄՆ-ին ամենեւին չէր հետաքրքրում այդ հանգամանքը, սակայն երբ վտանգվեցին նավթային ռեսուրսները, նրանք սկսեցին որոշակի քայլեր ձեռնարկել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական ծագմամբ ամերիկացի հրապարակախոս, ամերիկյան «California courier»  թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ սպառնալիք են ողջ աշխարհի համար: «Հայերն առավել եւս մտահոգ են այս իրադարձություններով, քանի որ Սիրիայում գործում է հայ համայնք, նման համայնք կար նաեւ Իրաքում, սակայն ցավոք, այն զգալիորեն նվազել է: Սակայն մեզ հուզող հարցերը աշխարհի այլ երկրներին չեն հուզում. նրանք իրենց շահերն ունեն», - նշել է Սասունյանը: Հզոր տերությունները, ներառյալ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, միշտ փորձում են իրենց կամքը թելադրել փոքր երկրներին: «Այդ տերությունները համագործակցում են իսլամիստների հետ՝ քանի դեռ նրանք իրենց վերահսկողության տակ են, եթե անգամ վերջիններս հանցագործություններ են իրականացնում: Հենց Իսլամիստները դուրս են գալիս այդ երկրների վերահսկողությունից, նրանք սկսում են ամեն բան անել՝ նրանց ոչնչացնելու համար», - ընդգծեց Հարութ Սասունյանը: