Աղանդներն արդեն հասել են քրեակատարողական հաստատություններ։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, լրագրողներին ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Գորիսի ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Արթուրը, որը հայտնի է «Չոփ» մականվամբ, փորձել է սպառնալիքով դրամ շորթել «Պենտեկոստե» աղանդի նախկին անդամից: Տուժածը, որն ապրում է Լոս Անջելեսում, արդեն 60 000 դոլար է տրամադրել աղանդին, սակայն աղանդի «ավտարիտետ» անդամը` «Չոփը»,  եւս 40 000 դոլար է պահանջել վերջինիցս` սպառնալով վերացնել ընտանիքի անդամներին, եթե մինչեւ սեպտեմբերի 24-ը գումարը չփոխանցվի:

«Տուժածը մեզ պատմել է, որ մի քանի անհայտ անձինք փորձել են տուժածի երեխային վերցնել մանկապարտեզից, սակայն դաստիարակը թույլ չի տվել»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Իրեն աղանդների դեմ պայքարող կազմակերպություն հռչակած ՄԵԼ-ը, Սեւակ Հովհաննիսյանի խոսքով, կապ է հաստատել պատժախցում գտնվող «Չոփի» հետ, որը սպառնացել է նրանց: Ըստ ՄԵԼ համանախագահի տեղեկությունների, դրանից հետո «Չոփի» մոտից հեռախոսն առգրավել են։

Սեւակ Հովհաննիսյանի խոսքով՝ աղանդի առաջնորդները սպառնացել են իրեն եւ նույնիսկ 10 000 ԱՄՆ դոլար են առաջարկել՝ իրենց գործունեությունը չխոչընդոտելու համար:

Նշենք, որ ՄԵԼ-ի տեղեկություններով, Հայաստանում «Պենտեկոստե» հոգեգալստական աղանդը գործում է արդեն շուրջ տասը տարի։ Քարոզիչները կանայք են, որնց հավաքատեղին գտնվում է Էրեբունի համայնքում։  Նրանք շաբաթական մի քանի անգամ հավաքներ են կազմակերպում, որոնց ընթացքում մեծ պարկեր են դնում բեմի վրա, եւ մարդիկ իրենց ոսկեղենն են նվիրաբերում նրանց։