Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիան որոշակի առաջարկներ կներկայացնի հայերին, բայց չարժե բավարարվել փոքր քայլերով, սեպտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Կալիֆորնիան կուրիեր» ամերիկյան թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա ընդգծել է, որ կողմ է Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները իրավական դաշտ տեղափոխելուն: «Մենք չենք կարող 100 տարի անընդհատ ճանաչում պահանջել: Ճանաչումն ինքնին արդեն ոչինչ չի տա մեզ: Վերջին տարիներին արդեն անիմաստ է մեր սահմանափակ ռեսուրսները ճանաչմանն ուղղված աշխատանքի վրա ծախսելը: Մենք պետք է դատարաններում ներկայացնենք մեր պահանջները», - նշել է Սասունյանը: Հայերը, հավելել է նա, պետք է անեն ամեն հնարավորը, որպեսզի թուրքական կառավարությունն անընդհատ ճնշման տակ լինի: «Որպեսզի նրանք մեզ հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ լսեն մեր պահանջները: Թուրքական կողմը պատրաստ է ինչ-ինչ զիջումների, քանի որ մենք նրանց համար գլխացավանք ենք», - ընդգծել է Հարութ Սասունյանը: