Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ին ընկերոջ կողմից վիրավորված 23-ամյա Րաֆֆի Աշուղյանին սեպտեմբերի 23-ի երեկոյան տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը, ում ազգականն է վիրավորված երիտասարդը:
«Րաֆֆին իրեն լավ չէր զգում, ջերմությունը չէր իջնում, տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատել են, իսկ էն մյուս տղան՝ Արթուրը, որը մեղադրվում է Րաֆֆիին վիրավորելու եւ Հայկուշին սպանելու մեջ, լավ է արդեն»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ Րաֆֆիի հիվանդասենյակ նույնիսկ ընտանիքի անդամներին թույլ չեն տալիս մտնել:
«Րաֆֆին միայն քննիչների հետ է խոսում: Թե ինչ է եղել այդ օրը, չգիտենք, ոչինչ չեն ասում, նույնիսկ էդ Արթուրի մասին շատ բան չգիտենք, մեկ-մեկ էր մեր գյուղ գալիս»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Արթուրը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները տներից մեկի ննջասենյակում գտել են Հայկուշ Աշուղյանի դին եւ վիրավորված 23-ամյա Րաֆֆի Աշուղյանին:
«Ոստիկաններին հաջողվել է գտնել նաեւ սպանողին. Րաֆֆիի մտերիմ ընկերն է՝ Արթուր Ղավալյանը, որը մեր գյուղացին չէ, էստեղ ապրում էր մորաքրոջ տանը: Արթուրն էլ է վիրավոր, նրան էլ են տեղափոխել հիվանդանոց: Թե ինչ է տեղի ունեցել, չգիտենք, ոչինչ չեն ասում»,- NEWS.am-ին ասել էր Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը:





























