Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորած՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ակադեմիայի շինարարությունը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը:
«Արդեն 2 շաբաթ շինարարությունը կանգնել է, պատճառն ինքներդ էլ հասկանում եք, որ Լեւոն Հայրապետյանի կալանքն է: Հայրապետյանն ուզում էր, որ մեր ազգի համար լավ բան անի, աճ տա Արցախին: 3 հարկանի հսկայական շենք էր լինելու, հսկայական տարածք էր»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ ակադեմիայի առաջին հարկի շինարարությունը գրեթե ավարտվել էր: Բացի դրանից՝ արցախցի գործարարը պատրաստվում էր սպաների համար բնակարաններ կառուցել:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը հուլիսին Հայաստան էր եկել՝ հատուկ ակադեմիայի շինարարությանը հետեւելու համար: http://news.am/arm/news/219634.html
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Լեւոն Հայրապետյանը մինչեւ դեկտեմբերի 15-ը կմնա կալանքի տակ։





























