Հայաստանը կարող է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ եւ միաժամանակ բարելավել հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, սեպտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է հրապարակախոս, «Կալիֆորնիան կուրիեր» ամերիկյան թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտում է. բոլոր բնագավառներում՝ տնտեսական, ռազմական, մշակութային, կապված է Ռուսաստանի հետ: «Մեզ դուր է գալիս, թե ոչ, սա այն աշխարհաքաղաքական մթնոլորտն է, որում հայտնվել է երկիրը:

Վաղը եթե Հայաստանը զենքի կարիք ունենա, այն կգնի Ռուսաստանից, ոչ թե ԱՄՆ-ից, եթե Հայաստանը ցանկանա գազ գնել, այդ գազը չի կարող տալ Եվրոպան կամ ԱՄՆ-ն, այլ կմատակարարի Ռուսաստանը», - նշել է Սասունյանը: Իհարկե, հավելել է նա, Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանն ամբողջությամբ իր ազդեցության ոլորտում լինի. «Բայց մեր շահերը պահանջում են լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ», - ընդգծել է հրապարակախոսը: