Խորհրդարանական եռյակի հանրահավաքը ոչինչ չի փոխի , սեպտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ այսպես կոչված ընդդիմադիր «քառյակը» իշխանության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Հանրապետականները ներքաղաքական իրավիճակում իրենց շատ հարմարավետ են զգում:
«Բանն այն է, որ ոչ մի քառյակ գոյություն չունի եւ չի էլ ունեցել: Խորհրդարանական ուժերը իրականում չեն կարողանում համախմբվել ոչ միայն դրական՝ ինչ-որ բանի «կողմ» քվեարկելու, այլեւ բացասական սկզբունքով», - նկատել է քաղաքագետը:
Այսպես, ըստ Իսկանդարյանի, կայանալիք հանրահավաքը 2-3 հազար մարդու սահմաններից չի անցնի, ինչը բավարար չէ ինչ-որ բան արմատական փոխելու կամ պետական հեղաշրջում իրականացնելու համար:
«Ընդդիմության առաջնորդները դա հասկանում են, այդ պատճառով մինչեւ հիմա հայտնի չէ՝ կգնան նրանք հանրահավաքի, թե ոչ: Լուրջ գործիչների համար 500 հոգանոց ամբոխի առաջ կանգնելը, ընդհանուր առմամբ, այնքան էլ հարմար չէ»,- բացատրել է քաղաքագետը:
Ըստ նրա՝ այսօրվա հիմնական խնդիրը ոչ թե գոյություն ունեցող ընդդիմադիր խմբերը միավորելն է, այլ ընդդիմություն ստեղծելը:
«Քանի դեռ չի հայտնվել քաղաքական լուրջ ուժ, որի տեղը զբաղեցնում է քառյակը, գործող իշխանությանը ոչինչ չի սպառնում», - ամփոփել է Իսկանդարյանը
Հիշեցնենք, քաղաքական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին սահմանադրական բարեփոխումների հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:





























