Հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հայքի հրապարակում եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») կողմից հանրահավաք անցկացնելու մասին քաղաքապետարանին դեռ իրազեկում չեն ներկայացրել, բայց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը որեւէ խնդիր չի տեսնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Դարբինյանը:

Պարոն Դարբինյան, տեղյակ եք, որ եռյակը Վանաձորում՝ Հայքի հրապարակում, հանրահավաք է կայանալու:

Որեւէ խնդիր չունենք, նրանք պարզապես մեզ իրազեկում են, մարդիկ եթե խաղաղ ցույց են ուզում անել, մենք չենք կարող նրանց արգելել:

Չե՞ք մտահոգվում, որ շատ մարդիկ կհավաքվեն, կհնչեն ընդդիմադիր, իշխանությանը քննադատող ելույթներ, ձեր քաղաքի անդորրը կփոթորկվի:

Ինչքան որ նրանք մարդ հավաքեն ու խոսեն, այնքան նրանցից հիասթափություն է լինելու:

Ինչո՞ւ եք վստահ դրանում:

Որովհետեւ իրենք սահմանադրական բարեփոխումների դեմ են խոսում, դա իրենց ամբողջ նպատակն էր մինչեւ հիմի, եթե նախագահը հիմա ասում է՝ հա, ընդդիմության խնդիրը ես էս ձեւով լուծում եմ, հիմի արդեն  հրաժարվում են, ասում են՝ չէ, չենք ուզում: Բա մինչեւ հիմի ուղիղ 10  տարի է՝ սահմանադրական բարեփոխում են ուզում, ու հենց որ նախագահն ասում է՝ անում ենք, արդեն էլ չեն ուզում:

Իրենց կուսակիցներն, ամեն դեպքում, կգնան հանրահավաքին:

Իրենք ստեղ կուսակից չունեն էլ:

Այդ դեպքում ովքե՞ր են մասնակցելու:

Եսիմ ով, պարապ ժողովուրդը, նրանք, ովքեր զբաղմունք, անելիք չունեն, նրանք էլ հավաքվելու են:

Իսկ ինչի՞ կուսակից չունեն, ընտրություններին ձայներ միշտ հավաքել են:

Էդ ե՞րբ են ձայն հավաքել, բոլորն իրար հետ ՀՀԿ-ի կեսի չափ են հավաքել, թող էդքան էլ էլի հավաքեն, էդ ոչ թե նրանց կուսակիցներն են, այլ ՀՀԿ-ից մի քիչ նեղացածները:

Այդ երեք ուժերից որի՞ն է սիրում վանաձորցին:

Նրանցից ոչ մեկին էլ վանաձորցիները չեն սիրում, վանաձորցին շատ հետաքրքիր բնավորություն ունի, բոլորին լսում է ու ինքը ճիշտ որոշում կայացնում, գնում Հանրապետականին է ընտրում, որովհետեւ տեսնում է, որ մեջների ամենալավ ծրագրերը ՀՀԿ-ինն է:

Գուցե ամենալավ ծրագրերը ՀՀԿ-ինն են, բայց ժողովրդի կյանքը այդքան էլ չի լավանում, եթե չասենք, որ գնալով վատանում է:

Ժողովուրդը ինքը հասկանում է՝ ինչ կա դրա տակ: ՀՀՇ-ի ծրագիրն էլ տեսանք, շատ լա՞վ էր էդ ժամանակ կյանքը: Մենք նաեւ 10 տարի ՀՀՇ-ի կառավարած երկրում ապրեցինք, էն վախտ ավելի լա՞վ էր, քան հիմա: Հիմա մեր երկիրը ղարաբաղյան խնդիր ունի, շատ-շատ տնտեսական, քաղաքական խնդիրներ ունի, որը լուծելով ՀՀԿ-ն գնում է, բա հենց սահմանադրական բարեփոխումները ինչի՞ համար է անում, որ կյանքը երկրում լավանա:

Հիմա դուք անձամբ չե՞ք գնալու լսեք նրանց ելույթները՝  հետաքրքրությունից դրդված:

Իհարկե, չեմ գնալու:

Իսկ եթե ձեր աշխատակիցները որոշեն գնալ:

Իմ աշխատակիցները երբեք նման անկապ որոշում չեն ընդունի:

ՀԱԿ, ԲՀԿ կամ «Ժառանգության» անդամ աշխատակցիներ չկա՞ն քաղաքապետարանում:

Ունենք, թող մեկ-երկուսն էլ գնան, ավելի լավ, կգնան, կհամոզվեն, որ ՀՀԿ-ի ծրագիրը առաջնային է, շատ ավելի կառուցողական է, քան մնացածներին: Մենք բոլորին էլ ընդունում ենք, հարգում ենք, բայց ժողովուրդը ինքն է որոշում՝ ով է ճիշտ քաղաքականություն տանում:

Մի խոսքով՝ եռյակին այդտեղ բազմամարդ հրապարակ չի՞ սպասվում:

Թող լինի, ի՞նչ է եղել, դրանից առաջ էլ շատ ավելի բազմամարդ քաղաքի տոնն է, ի՞նչն է  փոխվում, ինչքան շատ մարդ լինի, այնքան մարդ ավելի լավ կհամոզվի, որ գործող իշխանությունը շատ ավելի առաջնային է, շատ ավելի ուժեղ է, շատ ավելի լավ է տրամադրված, քան մնացածները:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը