Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բողոքի նոր ալիք է բարձրացնելու «եւ երկրի ներսում, եւ դիվանագիտական, միջազգային կառույցներում»:

ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «խոսքը գնում է անազատության մեջ մնացած 21 քաղբանտարկյալների եւ հետախուզման մեջ գտնվող քաղհալածյալների մասին, որոնց դեմ իրականացվող հետապնդումների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը փաթեթ է պատրաստում եւ դիմելու է միջազգային հեղինակավոր կառույցներին»: Զուրաբյանը նաեւ նշեց, որ այդ կապակցությամբ հասարակական բողոքի ալիք են բարձրացնելու, ինչպես նաեւ՝ օգտագործելու են դիվանագիտական խողովակները:

Մեկնաբանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե աշնանը իրավիճակը երկրում փոխվելու է, Զուրաբյանը նշեց. «Իշխանությունները ոչ համարժեք են արձանգանքում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Աշնանը ամբողջությամբ կերեւա իշխանությունների ձախողումը»: Նա հավելեց, որ «Հայաստանում իշխանությունը զավթած ապօրինի վարչախմբի դեմ պայքարելու համար կոնգրեսն օգտագործելու է հասանելի բոլոր սահմանադրական միջոցները»: