Ադրբեջանը զենքի սպառնալիքով Հայաստանին վախեցնելուց որոշել է անցում կատարել սպասման մարտավարությանը: Այնպիսի նշանակալի իրադարձությունների մասին, ինչպիսիք մարտավարությունն ու ռազմավարությունն են, սուտ պատմաբան, նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւի «Լեռնային Ղարաբաղ, պատմություն` ընթերցված ըստ աղբյուրների» հերթական աշխատանքին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:
Իր «մարգարիտներով» հայտնի Ալի Հասանովն այս անգամ մաթեմատիկական հաշվարկներ է կատարել: «Տարեկան 150-170 հազար մարդ է լքում Հայաստանը, մյուս կողմից` նվազում է բնական հավելաճը: Սա Հայաստանին փակուղի է տանում: Եթե այդպես շարունակվի, պատերազմի անհրաժեշտությունը այլեւս չի լինի, Հայաստանը կդատարկվի»,- հայտարարել է Հասանովը:
Ավելի վաղ սպասման քաղաքականության այս ջատագովը ադրբեջանական երիտասարդությանը հայերի դեմ պայքարելու կոչ էր արել:




























