Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում եւ առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ մեղադրվող, այսպես կոչված «Բանդայի գործով ամբաստանյալներն անմեղ են, եւ դա ապացուցվում է փաստերով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը, որն այսօր մասնակցում էր գործով դատական նիստին։
«Երբ 2011թ. սեպեմբերի 24-ին այս մարդկանց արդեն ձերբակալել էին, նույնանման` նույն ոճի, նույնիսկ նույն ժամին` առավոտյան 4-5-ի կողմերը, Արարատի մարզում կատարվեց ավազակային հարձակում, իսկ մեղադրյալներն այդ օրը գոնե բանտում էին: Լավ, էստեղ հարց է առաջանում, ո՞նց կարող էր լրիվ նույն ձեւով հանցագործություն կատարվեր, երբ այս մարդիկ արդեն ձերբակալված էին»,- ասաց նա:
Քրեագետի խոսքով` տուժողներ, նախկին ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, «Լինսի հիմնադրամի» ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը ի դեմս ամբաստանյալների չեն ճանաչել իրենց տները թալանողներին։
«Այս հանգամանքները նորից պիտի լուրջ քննեն, էս մարդիկ անմեղ են, ինչի՞ պիտի բռնվեն, ինչի՞ պիտի տուժեն: Ամեն դեպքում մեղադրական դատավճիռ կկայացվի, որովհետեւ արդեն 3 տարի է` գործը քննվում է, բա մի բան պիտի անե՞ն իրենց պագոնների համար»,-ասաց Սերգեյ Գալոյանը:
Ավազակային հանցագործությունների հետ մեղադրյալներից Արտուշ Հակոբյանի կապ չունենալը, ըստ քրեագետի, նաեւ ապացուցում է այն, որ Արտուշ Հակոբյանը «Բանդայի գործով» ձերբակալությունների հաջորդ օրը մասնակցել է ծննդյան արարողության. «Եթե մարդը հանցագործություն է կատարել, եւ կապ ունի այս բանդայի հետ, եթե նույնիսկ նրա անունը չի հոլովվել, էդպիսի բան չէր անի: Նա կարող էր հանգիստ թողնել ու անհետ հեռանալ Հայաստանից: Բայց սա նշանակում է, որ նա անմեղ է, որ ոչ մի բանից չի վախեցել, գնացել, հանգիստ նստել է ռեստորանում»:
Քրեագետի խոսքով` այս ավազակային հանցագործությունների հետեւում կանգնած են մարդիկ, որոնց անուները չեն ցանկանում հրապարակել, այսինքն` կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, կամ պաշտոնյաների կողմից հովանավորվողներ:
«Իսկ թե այդ մարդիկ ովքեր են, մեծ ցանկության դեպքում էլ չենք կարող ասել, որովհետեւ անուններ չեն հոլովվում: Իրար հետ կապ չունեցող մարդկանց գտել են, հավաքել են, իրար կցել-կցմցել են, բայց նրանք գործի հետ կապ չունեն»,-ասաց Սերգեյ Գալոյանը:
Քրեագետը նաեւ նշեց, որ շուտով դատարանում կարեւոր հայտարարություն կարվի բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանի կողմից իր պաշտպանյալի անմեղության վերաբերյալ:
Սերգեյ Գալոյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստին, որ «Բանդայի գործը» մոտենում է իր տրամաբանական ավարտին, սակայն հսկայական չափերի հասնող գողոնը դեռ չի հայտնաբերվել:
«Հսկայական գումարներ եւ գույք է գողացվել, հիմա կա մի փոքր, 200 դրամանոց էժանագին օծանելիքի սրվակ, որն ուղղակի ծիծաղելի է»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:




























