Անկարայի համալսարանի լեզվի, պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի հայոց լեզվի բաժնի ասպիրանտ Յավուզ Այդընի նախաձեռնությամբ արեւելահայերենով եւ արեւմտահայերենով  է թարգմանվել մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։

Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝ Յավուզ Այդընը նշել է, թե Ղուրանի թարգմանության նպատակը եղել է աշխարհի հայերին իրենց լեզվով ներկայացնել իսլամի մայր աղբյուրի՝ Ղուրանի գեղեցկությունը, նրանում ներկայացվող հանդուրժողականությունն ու աշխարհին տրված ուղերձները։

Յավուզ Այդընի խոսքով՝ Ղուրանի թարգմանությունն ու մեկնությունն արվել է արեւելահայերենով եւ արեւմտահայերենով։

Գրքի խմբագիրն է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայկական էջերի համակարգող Բագրատ Էստուկյանը։

Նշվում է, որ Ղուրանի թարգմանությունն ու մեկնությունն ընդհանուր կազմելու են 10 հատոր՝  2 500 էջերով։