Ներկայում Թուրքիայի կազմում գտնվող Մուշ քաղաքում օրեր առաջ ստեղծված հայերի միությունը պատրաստվում է առաջիկա շաբաթ ընտրել միության նախագահ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը», Մուշում ստեղծված «Տարոն-Մուշ հայերի փոխօգնության, սոցիալական եւ տուրիզմի միությունն» արդեն ընտրել է 7 հոգուց բաղկացած ղեկավար մարմին եւ պաշտոնապես գրանցման համար արդեն դիմում է ներկայացրել։
Մուշի հայերի միության անդամները պատրաստվում են նաեւ առաջիկա շաբաթ ընտրել միության նախագահ։
Միության ղեկավար մարմնի անդամ, Մուշում բնակվող Արմեն Գալուստյանը «Ակոս»-ի հետ զրույցում նշել է, թե դժվար է եղել Մուշում հայերի միություն հիմնել, սակայն հիմնումից հետո բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել։
Նա նշել է, թե իրենց միության առաջին գործն է եղել Մուշում գտնվող հայերին պատկանող մշակութային կառույցների պահպանման համար աշխատանքներ սկսելը։ «Միությունը ցանկանում է, որ Մուշի հայկական եկեղեցին իրենց հանձնվի, որպեսզի կարողանանք վերանորոգել այն։ Այդ նպատակով բանակցում ենք քաղաքապետարանի հետ։ Բացի այդ, կարողացել ենք պահպանության տակ առնելու համար գրանցել հայկական գերեզմանոցը»,-շեշտել է Արմեն Գալուստյանը՝ հիշեցնելով, որ իրենց ծրագրերի մեջ է մտնում նաեւ միության համար նոր շենքի կառուցումը եւ հայերեն դասընթացների կազմակերպումը։
Նշենք, որ 2014-ի սեպտեմբերի 11-ին, Մուշում տեղի է ունեցել հայերի միության բացման արարողությունը, որին մասնակցել են նաեւ Սփյուռքից ժամանած հայեր եւ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության մի շարք անդամներ։




























