ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում գտնվող Վուսթերի պետական համալսարանում եւ Քլարքի համալսարանում հոկտեմբերի 24-25-ին տեղի կունենա կոնֆերանս «Ժխտման մշակում. Հարձակում գիտության եւ ճշմարտության վրա» թեմայով, գրում է «Asbarez»-ը:

Գիտական կոնֆերանսն առաջին անգամ հնարավորություն է տալիս, որ սոցիալական եւ բնական գիտություններով զբաղվող մասնագետները հանդիպեն եւ վերլուծեն նմանատիպ ու փոխկապակցված, թեեւ ոչ միշտ միանման, ցեղասպանությունների ժխտման երեւույթը: խոսքը Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների մասին է:

1980-ական թվականներից ցեղասպանությունների, հատկապես Հալոքոստի եւ Հայոց ցեղասպանության ժխտման  թեմայով զգալի ծավալով գրականություն է տպագրվել, որտեղ վերլուծվում ու վավերագրվում են այն մարդկանց մեթոդներն ու հռետորությունը, որոնք ձգտում են ժխտել կամ թաքցնել զանգվածային բռնությունների վավերագրական ապացույցները: