ՄԱԿ-ի 69-րդ Գլխավոր ասամբլեայում Եգիպտոսի պատվիրակությունը չեղյալ է հայտարարել թուրք գործընկերների հետ նախատեսված երկկողմ հանդիպումները:  Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթն է եղել, որը խիստ քննադատաբար էր արտահայտվել իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս Սիսիի հասցեին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես, Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել էր Եգիպտոսում  ռազմական հեղաշրջմամբ իշխանության լեգիտիմացնելու համար: «Ես դեմ եմ նրա (աս Սիսիի) ներկայությանը համաշխարհային առաջնորդների շարքում:  Դրանով ՄԱԿ-ը օրինականացնում է նրան, ով պաշտոնանկ է արել ժողովրդի կամքով ընտրված նախագահին  (Մուհամեդ Մուրսիին), - ընդգծել է նա:  - Ինչո՞ւ է լռում աշխարհը ժողովրդավարության դեմ ուղղված հեղաշրջման մասին: Մենք պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը, որը նա կատարել էր քվեարկության միջոցով: Եթե ցանկանում ենք զորակցել հեղափոխություններին, էլ ինչի՞ համար է ՄԱԿ-ը»,- փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսի պաշտոնատար անձինք արդեն իրենց վրդովմունքն են հայտնել այս հայտարարությունների առթիվ:  ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին հայտնել է, որ այդ խոսքերը ներծծված էին ստով եւ հորինվածքներով:

 «Թուրքիայի նախագահի խոսքում զարմանալի ոչինչ չկար, եթե հաշվի առնենք, որ նա ձգտում է քաոս սերմանել Մերձավոր Արեւելքում՝ սատարելով ահաբեկչական խմբավորումներին եւ կազմակերպություններին՝ տարածաշրջանի ժողովուրդների շահերին վնասելու նպատակով, հանուն անձնական ձգտումների եւ անցյալի պատրանքների», - ասել է  դիվանագետը:

Ավելի վաղ թուրքական կողմն ինքն էր ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում խնդրել: Սակայն, ըստ Աբդել Աթիի, Էրդողանի ելույթից հետո ոչ մի երկկողմ բանակցություն էլ չի կայանա:

Երկու երկրների հարաբերությունները լրջորեն վատացել էին նախորդ տարվա հուլիսի 3-ին  իսլամիստների կողմից նախագահ Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո: