Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Հարգելի Արթուր Նիկոլայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Որպես մեծ գիտնական, Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության եւ բեւեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի եւ Անտարկտիդայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական եւ բնական գիտությունների հետագա զարգացման գործում:

Մեծ է Ձեր դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության եւ զարգացման գործում:

Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում: Հայաստանում Ձեզ գիտեն եւ բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետեւողական ամրապնդման հաստատուն կողմնակցի:

Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ կենսական անսպառ եռանդ նոր գիտական բացահայտումների համար»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: