ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ-ից:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 4-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանը Երևանի «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ կալանավորի փախուստի դիմելու գործը փոխանցվել է ՀՔԾ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանը 59 տարեկան է, ծնվել է հունիսի 23-ին: Ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով: Նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























