Շներն էլ են լավատես ու հոռետես լինում, եզրակացրել են Սիդնեյի համալսարանի գիտնականները:
Շների մասնակցությամբ կատարվել է հետեւյալ փորձը. Սկզբում գիտնականները տարբեր հնչյուններ են նվագել (տարբեր օկտավաներում)՝ նախքան կենդանիների կաթ կամ ջուր տալը, այնպես, որ շները սովորել են հնչյունները նույնացնել այդ հեղուկների հետ:
Այնուհետեւ կենդանիները լսել են «խառը» հնչյուններ, որոնք կարելի էր մեկնաբանել եւ որպես «կաթնային», եւ որպես «ջրային»: Շները, որոնք նման ձայները նույնացրել են որպես «կաթնային» եւ ուրախ սպասել պարգեւի, համարվել են լավատես. անորոշ իրավիճակում նրանք լավ ելք են ակնկալել: Իսկ այն շները, որոնք ջրի են սպասել եւ չեն արձագանքել ձայներին, ճանաչվել են հոռետես, փոխանցում է «Ռոսբալտը»:
Գիտնականները պնդում են, որ այդպիսով կարելի է գնահատել նույնիսկ շան լավատեսության աստիճանը:
Գիտնականները կարծում են, որ շան հոգետիպի սահմանումը կարող է օգտակար լինել տերերի համար: Այսպես, լավատես շունը պատրաստ է ավելի մեծ վտանգի ենթարկվել՝ ակնկալելով պարգեւ, եւ քիչ կտխրի, եթե իր մոտ ոչինչ չստացվի: Իսկ հոռետես շունը, հակառակը, վատի է սպասում, այդ պատճառով էլ իրեն զգույշ է պահում եւ նախընտրում է ռիսկի չդիմել: Համապատասխանաբար, նրան վարժեցնելիս պետք է հաճախ ոգեւորել, քան լավատես շանը:
Բացի դրանից տարբեր բնավորություն ունեցող շներին պետք է տարբեր բաներ սովորեցնել: Հոռետես շունն ավելի լավ ուղեկցող կլինի, իսկ որսորդական շունն ավելի լավ է լավատես լինի. նա չպետք է շուտ հուսահատվի, եթե ոչինչ չստացվի:




























