Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատասխանել է Գլխավոր դատախազության հայտարարությանը, ըստ որի Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները եւ «ցուցում է» տվել դատախազին:
ՄԻՊ-ի պատասխան հայտարարությունում ասվում է.
«Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները եւ «ցուցում է» տվել դատախազին, մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին եւ առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է ամուսնու կողմից իր եւ կնոջ գույքը հրկիզելու եւ ոչնչացնելու արարքը դիտարկվել «ինքնիրավչություն», ցավոք, Գլխավոր դատախազության կողմից արժանացել է կոպիտ ու անթույլատրելի արձագանքի, մինչդեռ իրականությունը հետեւյալն է.
«Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչություն կատարելու համար, սահմանում է. «ինքնիրավչությունը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին…»: Քանի որ ամուսնու սեփականության իրավունքը հրկիզված ու ոչնչացված գույքի նկատմաբ խիստ վիճելի էր, եւ առկա էր դատարանի քննությանը ենթակա վեճ, հետեւաբար, առանց դատարան դիմելու՝ ինքնակամ (ինքնագլուխ) կերպով չէր կարող վաճառել, օգտագործել, առավել եւս, ոչնչացնել մի գույք, որի մյուս մասը ենթադրաբար պատկանում էր այլ անձի: Իր այդ ինքնակամ (ինքնագլուխ) գործողություններով նա էական վնաս է պատճառել իր կնոջ իրավունքներին ու օրինական շահերին: Ինչպես պարզ է դառնում օրենքի այս հստակ մեկնաբանությունից, ամուսնու գործողություններում առկա են ինքնիրավչության ակնհայտ տարրեր: Մինչդեռ քննիչը եւ դատախազը գործն ուսումնասիրել են բացառապես ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու տեսանկյունից (ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդված), եւ լիովին ու անարդարացիորեն անտեսել են ինքնիրավչությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդված)»:
Հատուկ ծանոթագրություն Պաշտպանի լիազորություններից անտեղյակ բոլոր պաշտոնյաների համար.
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ հոդվածներ.
• Պաշտպանը իրավասու է հայտնել իր դիրքորոշումը Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ:
• Պաշտպանն իրավասու է ծանոթանալ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:
• Պաշտպանն իրավասու է համապատասխան մարմինների գործողություններում խախտում հայտնաբերելու դեպքում հանդես գալ առաջարկությամբ՝ նշելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ եւ կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:
• Պաշտպանը որեւէ կերպ կաշկանդված չէ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պետական մարմինների, այդ թվում՝ Դատախազության գործողություններում խախտում հայտնաբերելու եւ դրանից բխող այլ գործողություններն իրականացնելու հարցում:
Այսպիսով, երեկվա իր հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը դրսեւորում է իրավական անգրագիտություն կամ չարամտորեն նենգափոխում է իրականությունն ու օրենսդրական ակնհայտ կարգավորումների էությունը: Այդ է պատճառը, որ Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով եւ օրենքների անգրագետ մեկնություններով»:




























